1 Սեպտեմբերի 2005, 1447 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2002 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի գծով պարտքի մարման համար Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու վերաբերյալ համաձայնագրի գործողության ժամկետը (դիվանագիտական նոտաների փոխանակման արդյունքում) երկարաձգելու հետևանքով Ռուսաստանի Դաշնության հանդեպ առաջացած, Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի հաշվարկներում չնախատեսված ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը 2005 թվականի չորրորդ եռամսյակում կատարել 2002 թվականի հուլիսի 17-ին ստորագրված համաձայնագրի շրջանակում ծագած ֆինանսական պարտավորությունները`
տոկոսավճարի գծով` «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 14 խմբի 01 ենթախմբի «01. ՀՀ պետական արժեթղթերի (գանձապետական պարտատոմսերի) սպասարկում (տոկոսավճար)» և «02. Օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից և այլ արտաքին աղբյուրներից ստացված վարկերի սպասարկում (տոկոսավճար)» ծրագրերով նախատեսված հատկացումների տարեկան գումարների սահմաններում` սպասվող տնտեսումների հաշվին,
հիմնական գումարի մարման գծով` «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով արտաքին աղբյուրներից ստացված վարկերի մարման գծով նախատեսված հատկացումների տարեկան գումարի սահմաններում` սպասվող տնտեսումների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված պարտավորությունների գծով վճարումը վճարելուց հետո մինչև տարեվերջ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: