7 Հունիսի 2012, 723 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՈՒՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Պտղունքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ քաղաքացու սեփականությունը հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկներից 0.0438 հեկտարը՝ համաձայն հավելվածի, փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գյուղատնտեսական արտադրական օբյեկտի գործառնական նշանակությամբ օգտագործելու համար:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Պտղունքի գյուղական համայնքի ղեկավարին`
1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը.
2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի բարելավմանը:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`
1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: