Կառավարության որոշումներ

24 Մայիսի 2012, 675 - Ն

«ՔԵՆԴԼ» ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հիմնադրել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ):
2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե):
4. Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Վասիլի Ցականովին (անձնագիր` AK 0333487, տրված` 012-ի կողմից, 2009 թվականի հուլիսի 8-ին):
5. Առաջարկել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
6. Հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 729-Ա որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն» գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկին անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Հր. Աճառյան N 31 հասցեում գտնվող շենքային համալիրի` 6018.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 155766.037 դրամ սկզբնական արժեքով առաջնաշենքը (այսուհետ` գույք) և ամրացնել հիմնադրամին` անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում ապահովել`
1) «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն» գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկին օգտագործման իրավունքով պատկանող և 62 243 913 դրամ արժեքով գույքի տրամադրումը հիմնադրամին` սեփականության իրավունքով, որպես հիմնադրի կողմից գույքային ներդրում, համաձայն N 2 հավելվածի.
2) «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն» գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկին սույն ենթակետի <<ա>> պարբերությամբ սահմանված՝ անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հիմնադրամին ամրացնելու, գույքի կազմը հաստատելու և հանձնման-ընդունման գործընթացը:
8. Կոմիտեի նախագահին` հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և ներկայացնել պետական գրանցման` պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին:
9. Սահմանել, որ հիմնադրամի պետական աջակցությունն իրականացվում է տարեկան ծրագրով: Ծրագրի իրականացման ֆինանսավորումը գիտության ընդհանուր միջոցների շրջանակներում արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` առանձին տողով:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված