Կառավարության որոշումներ

10 Մայիսի 2012, 601 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1540-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ ու «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Երևան քաղաքի Զաքիյան փողոցի N 2 հաuցեում գտնվող 14919000 դրամ հաշվեկշռային արժեքով ու 3261.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը (այսուհետ` գույք) ամբողջությամբ հետ վերցնել օգտագործողից և ամրացնել «Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Գույքի հիմքերի և հիմնապատերի ամրացման, ինչպես նաև 2335.55 քառ. մետր ընդհանուր մակերեսով 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերի շինարարության (վերանորոգման) իրականացման համար որպես կառուցապատող ներգրավել «Գոհարիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` կառուցապատող):
3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված շինարարությունն իրականացնելու համար, որպես վճարման միջոց, կառուցապատողին սեփականության իրավունքով փոխանցել գույքի` 925.65 քառ. մետր ընդհանուր մակերեսով նկուղի և 1-ին հարկի տարածքները:
4. Կառուցապատողին թույլատրել գույքի վրա կառուցելու նոր՝ 821 քառ. մետր ընդհանուր մակերեսով 5-րդ հարկ, որի դիմաց կառուցապատողը պարտավորվում է կատարել ներդրում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վերանորոգման համար` 25000000 դրամի չափով` ներառյալ ավելացված արժեքի հարկը, և Սարի թաղի N 5/67 հասցեում գտնվող N 47 հիմնական դպրոցի վերանորոգման համար՝ 15000000 դրամի չափով` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝
1) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ՝ կառուցապատողի հետ կնքել գլխավոր կապալի պայմանագիր` դրանում սահմանելով հետևյալ պարտադիր պայմանները`
ա. կառուցապատողն իր միջոցների հաշվին, գլխավոր կապալի պայմանագրի և ամփոփ ֆինանսական հաշվարկի շրջանակներում իրականացնում է նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն ու սահմանված կարգով համաձայնեցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ, ինչպես նաև շինարարական համալիր աշխատանքների կատարումը, որի ավարտից հետո կառուցված (վերանորոգված) տարածքն ընդունման-հանձնման ակտի հիման վրա սահմանված կարգով հանձնում է «Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին,
բ. շինարարական (ներառյալ նոր կառուցվող 5-րդ հարկի) աշխատանքների և սույն որոշման 4-րդ կետով նախատեսված ներդրումների կատարման ժամկետը սահմանել 18 ամիս` շինարարության թույլտվությունն ստանալու օրվանից,
գ. նախագծի մշակման և շինարարության իրականացման արժեքը չի կարող պակաս լինել 830015454 դրամից` ներառյալ ավելացված արժեքի հարկը, չհաշված նոր՝ 5-րդ հարկի նախագծման և կառուցման արժեքը,
դ. գլխավոր կապալի պայմանագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում` սահմանված շինարարության արժեքը փոփոխության ենթակա չէ,
ե. շինարարական աշխատանքների և սույն որոշման 4-րդ կետով նախատեսված ներդրումների կատարման ավարտից հետո երկամսյա ժամկետում կառուցապատողի սեփականությանը հանձնել գույքի 925.65 քառ. մետր ընդհանուր մակերեսով նկուղի և 1-ին հարկի տարածքները և հողամասի իր բաժնային մասը` հողամասի կադաստրային արժեքը «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին վճարելու պայմանով,
զ. կառուցապատողը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը, ինչպես նաև նախագծով նախատեսված գույքի հիմքերի և հիմնապատերի ամրացման, ինչպես նաև շինարարության իրականացման և վերանորոգման աշխատանքների իրականացման դիմաց կառուցապատողին համապատասխան գույքի փոխանցման արդյունքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար առաջացող՝ ավելացված արժեքի հարկը.
2) գույքի կառուցման աշխատանքների ավարտից հետո գույքի՝ 2335.55 քառ. մետր ընդհանուր մակերեuով 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերն անհատույց oգտագործման իրավունքով տրամադրել Հայաuտանի Հանրապետության փաuտաբանների պալատին՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի, ներառյալ հանրային պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի տեղակայման համար:
6. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել`
1) գույքի, ներառյալ նոր կառուցվող 5-րդ հարկի, ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը, ինչպես նաև շենքի նախագծի համաձայնեցումը` այն նախօրոք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ.
2) շինարարություն իրականացնելու թույլտվության տրամադրումը:
7. Կառուցապատողի կողմից սույն որոշման 4-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վերանորոգման համար կատարվող ներդրումների իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, իսկ Սարի թաղի N 5/67 հասցեում գտնվող N 47 հիմնական դպրոցի վերանորոգման համար կատարվող ներդրումների իրականացման նկատմամբ՝ Երևանի քաղաքապետը:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1540-Ա որոշումը: