26 Ապրիլի 2012, 599 - Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴՒ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Երևան քաղաքում որոշ կառուցապատման ծրագրերով իրավիճակի պարզման և առկա խնդիրների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ առաջարկություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մարտի 2-ի N 194-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) առաջարկությունները, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1517-Ն որոշման 2-րդ կետը և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին»
N 1517-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան՝ Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում գտնվող անավարտ շինարարության օբյեկտով զբաղեցված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի համապատասխան մարմնում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքով գրանցված 0,4200 հեկտար հողամասն անհատույց փոխանցվելու է Երևանի համայնքին՝ սեփականության իրավունքով:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում գտնվող՝ Երևանի համայնքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցված 0,4200 հեկտար հողամասի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտը՝ 2.625.000 հազ. դրամ գումարած հողամասի կադաստրային արժեքը, ընդհանուր գնով օտարել «Բեդեկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ հետևյալ հիմնական պայմաններով՝
ա. գնորդը պարտավոր է Երևանի համայնքի բյուջե վճարել օտարման պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ` օտարվող հողամասի կադաստրային արժեքը, օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումից հետո 10 օրվա ընթացքում` 480.000 հազ. դրամ, օբյեկտի կառուցման շինարարության թույլտվության տրամադրման օրվանից սկսած 30 ամսվա ընթացքում՝ եռամսյակային հավասարաչափ վճարումներով ևս 2.145.000 հազ. դրամ,
բ. գնորդը պարտավոր է օտարման պայմանագրի կնքման պահի դրությամբ Երևանի համայնք ներկայացնել գնի մնացած մասի ապահովության համար ընդունելի բանկային երաշխիք,
գ. գնորդը պարտավոր է Երևանի քաղաքապետի հետ՝ սահմանված կարգով համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագծով երեք տարվա ընթացքում ավարտին հասցնել բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը, որի կառուցման աշխատանքները շինարարության թույլտվության տրամադրման օրվանից երեք ամսվա ընթացքում չսկսելու կամ սկսվածը վեց ամսվանից ավելի ժամկետով դադարեցնելու դեպքում պարտավոր է հողամասն առկա անավարտ շինարարության օբյեկտի հետ միասին սեփականության իրավունքով անհատույց փոխանցել Երևանի համայնքին կամ նրա նշած անձին՝ կրելով գնի վճարած մասի կորստի ռիսկը,
դ. գնորդը պարտավոր է շենքի շինարարության իրականացման թույլտվությունն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի համապատասխան մարմնում գրանցել կառուցվող շենքը,
ե. գնորդն իրավունք չունի, բացի սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված օգնությունն ստացողներից, որևէ այլ անձի հետ կնքելու շենքից տարածքների նախնական վաճառքի մասին պայմանագրեր, քանի դեռ գնի 2.145.000 հազ. դրամի մնացորդը լրիվ վճարված չէ.
2) օտարման պայմանագրի կնքման պահի դրությամբ գնորդին ապահովել անավարտ շինարարության օբյեկտի կառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանքով` 3140 քառ. մետր կառուցապատման մակերեսի վրա վերգետնյա մինչև 13 (ներառյալ) հարկ հարկայնությամբ ստորգետնյա 11700 քառ. մետր, վերգետնյա մինչև 27147 քառ. մետր մակերեսներով բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման նախագծի մշակման համար, դրանով, ի թիվս այլ պայմանների, նախատեսելով, որ շենքի վերգետնյա 4-րդ հարկից սկսած՝ արտաքին պատի և հարակից՝ Երևան քաղաքի Ամիրյան 4/2 հասցեում գտնվող բազմաֆունկցիոնալ շենքի արտաքին պատի միջև հեռավորությունը կազմելու է առնվազն 6 մետր, ինչպես նաև կառուցապատողի պարտավորությունը` թույլատրելու հարակից՝ Երևան քաղաքի Ամիրյան 4/4 հասցեում գտնվող բազմաֆունկցիոնալ շենքն սպասարկող ջրահեռացման գծերի անցկացումը դեպի Տերյան փողոց` շենքի ստորգետնյա հարկերով.
3) օտարման պայմանագրի շրջանակներում գնորդի կողմից Երևանի համայնքի բյուջե վճարվող 480.000 հազ. դրամ գումարի հաշվին «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցով ապահովել Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում 2004-2005 թվականներին իրացված անշարժ գույքի դիմաց հատուցում չստացած իրավատերերին և նրանց ժառանգներին դրամական միջոցներով հատուցման տրամադրումը` հանձնաժողովի կողմից որոշված կազմով ու չափերով.
4) օտարման պայմանագրի շրջանակներում գնորդի կողմից Երևանի համայնքի բյուջե վճարվող 2.145.000 հազ. դրամ գումարի ստացմանը զուգընթաց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցով ապահովել Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում նախկին կառուցապատողի հետ նոտարական վավերացմամբ առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա վճարումներ կատարած՝ տուժած անձանց, որպես օգնություն, գումարի վճարումները` հանձնաժողովի կողմից որոշված կազմով և չափերով: