26 Ապրիլի 2012, 536 - Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի <<ժա>> կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոպարկի վերակառուցելու հայեցակարգը, Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների զարգացման գերակայությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամից հետ վերցնել վարձակալության իրավունքով, 15 տարի ժամկետով հանձնված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի N 39 հասցեում գտնվող մարզադահլիճը` 978.90 քառ. մետր մակերեսով և սպասարկման համար անհրաժեշտ 0.107748 հեկտար հողամասը (այսուհետ` գույք):
2. Հավանություն տալ «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» (D-Link International Pte Ltd) հայաստանյան ներկայացուցչության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին (այսուհետ` ներդրումային ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի, և առաջարկել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ստորագրել երկարաժամկետ համագործակցության հուշագիր «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերության հետ` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ներդրումային ծրագիրն իրականացնելու նախապայմանով` գույքն անհատույց օգտագործման իրավունքով, 15 տարի ժամկետով հանձնել «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչությանը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել «Գյումրու տնտեսական զարգացման» հիմնադրամի հետ 2010 թվականի նոյեմբերի 26-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության N 34/010 պայմանագիրը.
2) պայմանագիրը լուծելուց հետո 15-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության հետ կնքել գույքի իրավունքների 15 տարի ժամկետով անհատույց օգտագործման մասին պայմանագիր, որի անբաժանելի մասը կկազմի N 1 հավելվածով հաստատված ներդրումային ծրագիրը: Նախատեսել, որ պայմանագրից բխող նոտարական վավերացումը և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: