29 Մարտի 2012, 488 - Ն
«ԱՈՒՏԻԶՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմնադրել «Աուտիզմ ազգային հիմնադրամ» (այսուհետ` հիմնադրամ):
2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. Հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
4. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ժամանակավոր կառավարիչ) նշանակել Լիլիթ Էդուարդի Աթաջանյանին
(AH 0633069, տրված՝ 011-ի կողմից, 2008 թվականի հուլիսի 23-ին):
5. Հիմնադրամի ժամանակավոր կառավարչին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը, պետական գրանցումը և պայմանագրի նոտարական վավերացումը` պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին:
7. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնված` Երևանի քաղաքապետարանի ենթակայության «N 163 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Երևան քաղաքի Գյուրջյան 13 հասցեում գտնվող ուսումնական համալիր շենքի 6-րդ մասնաշենքը` 3496.5 հազ. դրամ սկզբնական ու 1432.79 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով և 777.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով, հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել հիմնադրամին:
8. Սույն որոշման 7-րդ կետով ամրացված մասնաշենքի վերանորոգման աշխատանքների կատարման և գույքի ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցները հիմնադրամին հատկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 70.000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):
9. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 8-րդ կետում նշված գումարը հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: