Կառավարության որոշումներ

19 Ապրիլի 2012, 490 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1425-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 77-Ն որոշման N 1 հավելվածի 111-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել 2012 և 2013 թվականների ընթացքում պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստման) ժամանակացույցը և անվանացանկը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) յուրաքանչյուր եռամսյակին նախորդող վերջին ամսվա մինչև 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրել հաջորդ եռամսյակում մասնավորեցման առաջարկվող ընկերությունների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
ա. ընկերության կանոնադրությունը,
բ. ընկերության գույքի կազմը և գույքային իրավունքների առկայությունը,
գ. ընկերության վերջին երկու տարվա ֆինանսատնտեսական գործունեության ցուցանիշները.
2) ընկերությունների մասնավորեցմանը մասնակցելու ցանկություն հայտնած իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ բանակցությունների արդյունքում մշակված մասնավորեցման լավագույն տարբերակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` պետական գույքի մասնավորեցումը չկայանալու դեպքում 50 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նոր նախագիծ գույքը սահմանված կարգով մասնավորեցնելու կամ լուծարելու մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված