Կառավարության որոշումներ

5 Ապրիլի 2012, 449 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի <<ա>> ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության շենք, շինությունների անհատույց օգտագործողներին սպասարկման ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության <<Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն>> պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
2. Սպասարկման ծառայություն է համարվում ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրամատակարարման, վերելակների և սանհանգույցների անխափան աշխատանքի, ընդհանուր օգտագործման տարածքների (այդ թվում՝ նկուղների և տանիքների) պահանջվող սանիտարահիգիենիկ պայմանների և լուսավորության ապահովման, աղբահանության իրականացման, ինչպես նաև հսկիչ անցաթղթային անվտանգության ծառայությունների իրականացումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սպասարկման վճարի հաշվարկման միասնական սկզբունքների և սպասարկման պայմանագրերի օրինակելի ձևը հաստատելու վերաբերյալ.
2) ապահովել <<Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն>> պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության շենք, շինությունների անհատույց օգտագործողների միջև սպասարկման պայմանագրերի կնքումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: