Կառավարության որոշումներ

15 Մարտի 2012, 320 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» ու «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» N 1853-Ն որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին և 1.2-րդ կետերով.
«1.1. Սահմանել, որ`
1) «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի, քարտեզագրության և հողաշինարարության բնագավառում հողային հարաբերությունների կարգավորմանը, հողային պաշարների կառավարմանը, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարմանն աջակցելը, հողերի օգտագործման ու պահպանության կազմակերպմանը, հողաշինարարության տարածքային և ներտնտեսային ծրագրերի (փաստաթղթերի) կազմանն ուղղված պետական միջոցառումների ապահովումը, պետական, ազգային, պլանային ու բարձունքային գեոդեզիական ցանցերի, պետական նշանակության տեղագրական և թեմատիկ քարտեզների ստեղծման, թարմացման, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների մշակման, գործիքների և սարքավորումների չափաբանական ապահովումն է.
2) կազմակերպությունն իրականացնում է`
ա. Հայաստանի Հանրապետության ազգային, համաշխարհային, պետական գեոդինամիկական, գեոդեզիական (պլանային և բարձունքային, ինչպես նաև ռեալ ժամանակով մշտական գործող) ցանցերի ստեղծում, թարմացում և զարգացում, գեոդեզիական ու ծանրաչափական ցանցերի կետերի քարտադարանների (կատալոգներ) ստեղծում և վարում, վարչատարածքային միավորների ու հատուկ պահպանվող տարածքների սահմանների հիմնավորման, սահմանագծման և նկարագրման աշխատանքներ,
բ. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման (դելիմիտացիա) և սահմանազատման (դեմարկացիա) հետ կապված գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ,
գ. պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների և հատակագծերի ստեղծում` թվային ու ավանդական եղանակներով, դրանց թարմացում, հրատարակում և բազմացում,
դ. ֆոտոգրամետրիական աշխատանքների իրականացում, օրթոֆոտոքարտեզների, օրթոֆոտոհատակագծերի և բազային թվային քարտեզների ստեղծում,
ե. օդալուսանկարահանման և արբանյակային հանութագրման նյութերի դաշտային վերծանման աշխատանքներ,
զ. պետական և տեղական նշանակության նավիգացիոն համակարգերի քարտեզագրական հիմքի ստեղծման ու վարման աշխատանքներ,
է. կադաստրային թվային քարտեզների ստեղծում և մշակում (մուտքագրում, թվայնացում, տպագրում),
ը. պետական երկրատեղեկատվական համակարգի ստեղծում,
թ. աշխարհագրական անվանումների հաշվառում, գրանցում, աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծում ու վարում, պաշտոնական տեղեկագրի (գազետիր), բառարանների և ցանկերի հրատարակում,
ժ. հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների (այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային ատլաս) ստեղծում և հրատարակում,
ժա. քարտեզագրագեոդեզիական աշխատանքների փորձաքննության և գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական աշխատանքների իրականացում, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակում,
ժբ. գեոդեզիական և քարտեզագրական գործիքների ու սարքավորումների հաշվառում և գրանցում, տեխնիկական նորմերի ու ստանդարտների մշակում,
ժգ. Երկրի հեռահար զոնդավորման արդյունքում ստացված նյութերի և տեղեկատվության ընդունման, մշակման, արխիվացման աշխատանքներ,
ժդ. տիեզերալուսանկարահանման տվյալների ընդունման, ստացված լուսանկարների նախնական մշակման և արխիվացման աշխատանքներ,
ժե. նավիգացիոն համակարգերի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներ,
ժզ. հողաշինարարության, հողերի տարածքային կազմակերպման և գնահատման նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի ու ստանդարտների մշակում,
ժէ. հողային ռեսուրսների կառավարման հայեցակարգերի և ծրագրերի մշակում, հողերի միավորման, բաժանման պետական նպատակային ծրագրերի ու նախագծերի մշակում և կատարում,
ժը. հողային ֆոնդի հաշվառման աշխատանքներ` հողերի կատեգորիաների փոփոխության վերլուծություն, պատճառների վերհանում և առաջարկություններ ներկայացնելը,
ժթ. գյուղատնտեսական և այլ նշանակության հողերի կադաստրային գնի որոշում,
ի. կադաստրի տեղեկագրի պատրաստում և հրատարակում.
3) կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա. տեխնիկական նախագծերի պահանջներին համապատասխան գեոդեզիական խտացման և հանութային ցանցերի ստեղծում, ինժեներագեոդեզիական ու հանութային աշխատանքների իրականացում,
բ. կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացում,
գ. գերատեսչական և տեղական (համայնքային) նշանակության երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում,
դ. հրատարակչական գործ, տպագրական գործ, տպագրական նյութերի վերարտադրում,
ե. տեղական նշանակության քարտեզագրագեոդեզիական նյութերի և տվյալների մասին տեղեկատվության տրամադրում,
զ. թեմատիկ քարտեզների ու հատակագծերի կազմում և հրատարակում,
է. սահմանված կարգով գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների չափաբանական ապահովում,
ը. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղական նշանակության, ինչպես նաև նրա սահմաններից դուրս (հարակից տարածքներում) քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով տիեզերանկարահանման տվյալների ընդունման և դրանց մշակման աշխատանքներ,
թ. քաղաքաշինական ոլորտի գործունեության նախագծային աշխատանքների իրականացման նպատակով գեոդեզիական պլանաբարձունքային հիմքի ստեղծում,
ժ. ինժեներատեխնիկական գծային կառուցվածքների (երկաթգիծ, ճանապարհ, էլեկտրականության և կապի վերգետնյա ու ստորգետնյա գծեր, խողովակաշարեր) նախագծային փաստաթղթերի մշակման նպատակով գեոդեզիական պլանաբարձունքային հիմքի ստեղծում,
ժա. հանրապետական, մարզային, համայնքային, միջհամայնքային, ներտնտեսային հողաշինարարական նախագծերի, հողերի օգտագործման և պահպանության, նոր հողերի իրացման, բարելավման, ռեկուլտիվացիայի նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների նախագծային աշխատանքների իրականացում, գլխավոր հատակագծերի կազմում,
ժբ. անշարժ գույքի շուկայական գնահատում:
1.2. «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: