16 Փետրվարի 2012, 143 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Աուդիտորական գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի <<Աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգը և քննությունների ծրագիրը հաստատելու մասին>> N 123-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<1.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից Հաշվապահների միջազգային դաշնության (այսուհետ` ՀՄԴ) կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված մասնագետների, ինչպես նաև ՀՄԴ-ի հավաստագիր ունեցող` Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների կողմից մինչև նրանց հավատարմագրումը ՀՄԴ-ի կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված աուդիտորների որակավորումը, եթե դիմողը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում,
բ) անձնագրի պատճենը,
գ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
դ) 2 լուսանկար` 3x4 չափսի,
ե) մասնագետի որակավորման վկայականի պատճենը՝ տրված սույն կետով սահմանված համապատասխան մարմինների կողմից,
զ) վկայականը տված մարմնի հավաստումն այն մասին, որ վկայականը ներկայումս ուժի մեջ է կամ անդամության վկայականի պատճենը:>>.
2) որոշումը 1.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.2-րդ և 1.3-րդ կետերով.
<<1.2. 1.1-ին կետով սահմանված փաստաթղթերն օտար լեզվով ներկայացվելու դեպքում դրանց հետ պետք է ներկայացվեն նաև դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված թարգմանությունները: Օտարերկրյա պետություններից ստացված փաստաթղթերը պետք է ներկայացվեն հյուպատոսական վավերացմամբ կամ ապոստիլով:
1.3. 1.1-ին կետով սահմանված փաստաթղթերի ուսումնասիրության, դրանց հիման վրա աուդիտորի որակավորման վկայական տալու կամ այն մերժելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն որոշման 1-ին կետի <<ա>> ենթակետով հաստատված կարգով:>>.
3) որոշման 1-ին կետի <<ա>> ենթակետով հաստատված կարգում`
ա. 3-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<Աուդիտորների որակավորման քննություններին մասնակցել չի թույլատրվում այն դիմողին, որը դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ դատարանի դատավճռով զրկվել է ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից:>>,
բ. 5-րդ կետի առաջին պարբերությունում <<և Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի մեկական>> բառերը փոխարինել <<երկու>> բառով.
գ. 8-րդ կետի <<դ>> ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<դ) աշխատանքային գրքույկի պատճենը և (կամ) տեղեկանքն աշխատավայրից` գործատուի կողմից կնքված ու ստորագրված և (կամ) աշխատանքային պայմանագրի պատճենն ու պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը,>>,
դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված փաստաթղթերն ուսումնասիրում է լիազորված մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը դրանք ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում 15 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին բանավոր կամ գրավոր տեղեկացվում է դիմողին, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը լիազորված մարմին չներկայացվելու դեպքում դիմումը մերժվում է: Սույն կարգի 3-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում փաստաթղթերը ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացվում է դիմողին և մերժվում նրա` քննությանը մասնակցելու մասին դիմումը: Փաստաթղթերը ներկայացնելու ժամանակ պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը չներկայացնելը հիմք չի հանդիսանում դիմումը մերժելու համար, սակայն դիմողը պետք է այն ներկայացնի մինչև քննության սկիզբը:>>,
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23.1-ին կետով.
<<23.1. Քննության արդյունքների վերաբերյալ դիմում-բողոքում պետք է պարտադիր նշվեն բողոք բերողի պահանջը (բողոքարկման առարկան), կոնկրետ թեստը և (կամ) խնդրի դրույթը, որի գնահատումը բողոքարկվում է` նշելով սխալ գնահատված լինելու փաստարկներ և հիմնավորումներ:>>,
զ. 24-րդ կետում <<եզրակացությունը եռօրյա ժամկետում ներկայացվում է լիազորված մարմնի ղեկավարին, որի հիման վրա>> բառերը փոխարինել <<եզրակացության հիման վրա քննությունների ավարտի օրվան հաջորդող>> բառերով,
է. 26-րդ կետը <<ճանաչվում`>> բառից հետո լրացնել <<լիազորված մարմնի այդ հարցերով զբաղվող համապատասխան>> բառերով,
ը. 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<27. Քննության արդյունքների հիման վրա որակավորում չստացած, քննությանը չներկայացած, ինչպես նաև սույն կարգի 21-րդ կետում նշված դեպքերում դիմողն ընդհանուր հիմունքներով նորից կարող է մասնակցել քննությանը: Սույն կետում նշված դիմողները քննությանը մասնակցելու համար կարող են ներկայացնել միայն սույն կարգի 8-րդ կետի <<ա>> և <<դ>> ենթակետերով պահանջվող փաստաթղթերը, եթե նախկին փաստաթղթերը ներկայացնելու օրվանից չի անցել մեկ տարի կամ դրանցում փոփոխություններ չեն կատարվել:>>,
թ. 29-րդ կետի առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
<<Աուդիտորը կարող է իր անձնագրային տվյալների փոփոխման դեպքում (բացառությամբ անվան կամ ազգանվան փոփոխության դեպքերի) դիմում ներկայացնել վկայականի վերաձևակերպման համար` կցելով անձնագրի պատճենը, ինչպես նաև օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարի վճարումը հաստատող փաստաթուղթը:>>.
4) որոշման 1-ին կետի <<բ>> ենթակետով հաստատված ծրագրում`
ա. 1-ին բաժնի 2-րդ թեման շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<Թեմա 2. Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ>>,
բ. 2-րդ բաժնում <<Թեմա 9. <<Պարզեցված հարկի մասին>> ՀՀ օրենք>> բառերը փոխարինել <<Թեմա 9. <<Արտոնագրային վճարների մասին>> ՀՀ օրենք>> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: