Կառավարության որոշումներ

16 Փետրվարի 2012, 146 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 123-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 6-րդ կետում «Գայլերի որսն իրականացնող» բառերը փոխարինել «Գայլերի որսն իրականացրած և սույն կարգի 4-րդ կետում նշված» բառերով, ինչպես նաև հանել «,բացառությամբ սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերի» բառերը.
2) 8-րդ կետը «տրամադրվում է» բառերից հետո լրացնել «հանձնաժողովում գրանցվելու, ինչպես նաև» բառերով.
3) 9-րդ կետում «Գայլերի որսն իրականացնող» բառերը փոխարինել «Գայլերի որսն իրականացրած» բառերով.
4) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ կետով.
«12. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տրված համապատասխան գումարն ամբողջությամբ սպառելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղեկատվություն է տեղադրում, ինչպես նաև 5 աշխատանքային օրվա ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություն է անում գումարի սպառման և գայլերի մորթին չընդունելու մասին։»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 123-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն` 2012 թվականի ընթացքում որսած գայլերի դիմաց պարգևատրման գումարները վճարելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 20000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: