Կառավարության որոշումներ

4 Օգոստոսի 2005, 1245 - Ն

«ՍԵՐՄԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Փորձարկումների, փորձաքննությունների և հավասարեցված ցանքերի կատարման նպատակով «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացնել «Սելեկցիոն նվաճումների փորձարկման, պաշտպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացված հողատարածքներից 79.2 հեկտար հողատարածք, որից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի գյուղական համայնքում` 22 հեկտար, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիկի գյուղական համայնքում՝ 30 հեկտար, Գավառի գյուղական համայնքում՝ 1.5 հեկտար, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաքիի գյուղական համայնքում՝ 15 հեկտար, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտենիի գյուղական համայնքում՝ 2.7 հեկտար, Քուչակի գյուղական համայնքում` 8 հեկտար:

3. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 100.0 հազ. դրամ արժողությամբ գույք՝ բացառությամբ շենքերի, շինությունների և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 5 հավելվածի 23-րդ աղյուսակի «Դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտի անվանումը» սյունակում «Սելեկցիոն նվաճումների փորձարկման, պաշտպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերություն» բառերը փոխարինել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով:

5. Սահմանել, որ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետության սելեկցիոն նվաճումների (բույսերի սորտեր, կենդանիների ցեղեր) իրավական պահպանությունը.

բ) մշակաբույսերի սերմերի արտադրության և վերարտադրության արդյունավետ համակարգերի ստեղծումը.

գ) սորտաթարմացման և սորտափորձարկման գործընթացում մշակաբույսերի սորտերի տնտեսական և կենսաբանական արժեքավոր հատկանիշների պահպանությունն ու վերարտադրությունը.

դ) Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող մշակաբույսերի նոր սորտերի հայտնաբերումը և շրջանացման ներկայացումը.

ե) իր կանոնադրական խնդիրների հետ կապված տեղեկատվության ժամանակակից համակարգերի ստեղծումը:

6. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթներն են՝

ա) սելեկցիոն նվաճումների փորձարկումների պետական ծրագրերի մշակման մասնակցությունը և իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում, պետական պատվերի շրջանակներում, բույսերի սերմերի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտությունների իրականացումը, գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր վերարտադրության սորտային ցանքերի ապրոբացիան և սորտային նույնականացումը:

7. Թույլատրել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) բույսերի նոր սորտերի տարբերիչ առանձնահատկության, կայունության, միատարրության և տնտեսական օգտակարության փորձարկումներ և փորձաքննության իրականացում.

բ) բնագավառի վերաբերյալ մեթոդական և գիտահետազոտական ուսումնասիրությունների կատարում.

գ) տնտեսավարող սուբյեկտների պատվերով և նրանց ֆինանսավորմամբ, գյուղատնտեսական մշակաբույսերի սերմադաշտերի ապրոբացիա, սորտային նույնականացման աշխատանքների կատարում.

դ) տնտեսավարող սուբյեկտների պատվերով և նրանց ֆինանսավորմամբ, բույսերի սերմերի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտություններ.

ե) կանոնադրական խնդիրների իրականացման ընթացքում ստեղծված գյուղատնտեսական արտադրանքի իրացում.

զ) վերապատրաստման, ուսուցման և խորհրդատվական աշխատանքների իրականացում:

8. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ»,«դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝

ա) եռամսյա ժամկետում հաստատել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը և կանոնադրությունը.

բ) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

10. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի պետական գրանցումը կատարել կազմակերպության միջոցների հաշվին:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։