Կառավարության որոշումներ

19 Հունվարի 2012, 53 - Ա

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ 1992-1994 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 108-Ն որոշման N 10 հավելվածի 5.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում 1992-1994 թվականներին ռմբակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչների (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի բնակիչներ) բնակարանային պայմանները բարելավել ֆինանսական օգնության տրամադրման միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 108-Ն որոշման N 10 հավելվածի 5-րդ կետով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին հատկացված 107,000.0 հազ. դրամի սահմաններում:
2. Սահմանել, որ`
1) տրամադրվող ֆինանսական օգնության սահմանային չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում և համաձայն համապատասխան համայնքի ավագանու որոշմամբ ներկայացված ու մարզպետի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի բնակիչների ցուցակի՝ համաձայն հավելվածի.
2) տրամադրվող ֆինանսական օգնության չափը սահմանվում է՝
ա. վնասվածության առավելագույն աստիճան ունեցող բնակելի տների համար՝ 800,0 հազ. դրամ,
բ. վնասվածության միջին աստիճան ունեցող բնակելի տների համար՝ 400,0 հազ. դրամ,
գ. վնասվածության նվազագույն աստիճան ունեցող բնակելի տների համար՝ 200,0 հազ. դրամ.
3) համաձայն սույն որոշման՝ ֆինանսական օգնություն ստանալու իրավունքից չեն օգտվում այն քաղաքացիները, ովքեր՝
ա. տվյալ բնակավայրում չունեն մշտական բնակություն,
բ. ունեն սեփականության իրավունքով այլ բնակելի տարածություն,
գ. նախորդ տարիներին իրականացված պետական կամ միջազգային կազմակերպությունների աջակցության ծրագրերի շրջանակներում օգտվել են բնակարանային պայմանների բարելավման իրենց իրավունքից,
դ. այլ պետության քաղաքացիներ են:
3. Սահմանել, որ սույն որոշումից բխող պահանջների կատարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի բնակիչների հանդեպ ստանձնած պարտավորությունները համարվում են կատարված:
4. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի բնակիչների հետ կնքել սույն որոշումից բխող համապատասխան պայմանագրեր՝ աջակցության նպատակով նախատեսված գումարների տրամադրման համար.
2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան պայմանագրերում նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի բնակիչների հանդեպ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտավորությունները համարվում են կատարված, իսկ համապատասխան պայմանագրի կողմ քաղաքացին իր և իր ընտանիքի անդամների անունից հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ այսուհետև արտոնյալ կարգով բնակարանով ապահովման կամ վերանորոգման ծախսերի պահանջ չունի:

Հավելված