Կառավարության որոշումներ

13 Օգոստոսի 2005, 1235 - Ն

ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱԲԿԻՐ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Երևանի Արաբկիր թաղային համայնքի ղեկավար Լևոն Հարությունյանի լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Երևանի Արաբկիր թաղային համայնքի ընտրատարածքում անցկացնել թաղային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Երևանի Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 5774875 դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Երևանի Արաբկիրի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան ` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: