19 Հունվարի 2012, 28 - Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երևանի Ամիրյան 6 հասցեում գտնվող` Կառավարական N 2 մասնաշենքի N N 1, 2 հասարակական նշանակության 789.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքները (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել գույքի վարձակալ` <<Մելլաթ բանկ>> փակ բաժնետիրական ընկերությանը (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Ամիրյան 6) (այսուհետ` գնորդ):
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2011 թվականի սեպտեմբերի 17-ին գնահատված գույքի արժեքը` 1 489 191 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 1 489 191 հազ. դրամ.
3) որ գնորդին է անցնում գույքի զբաղեցրած հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, ընդհանուր բաժնային սեփականության հողամասի իր բաժնեմասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, դրանում նախատեսելով, որ`
1) անհրաժեշտություն առաջանալիս, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով վաճառված տարածքը (գույքը) գերակա հանրային շահ ճանաչվելու դեպքում գնորդին` ոչ շուտ քան երեք տարի և ոչ ուշ քան հինգ տարի ժամկետում կտրամադրվի համարժեք տարածք Երևան քաղաքում.
2) գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին կատարել պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը:
4. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից գնորդին վճարման հանձնարարագրով տրված հաշվեհամարին, իսկ հողամասի իր բաժնեմասի կադաստրային արժեքը վճարել <<Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր>> գանձապետական հաշվին:
5. Գաղտնի:
6.Գաղտնի: