29 Դեկտեմբերի 2011, 1890 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 66-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Բարեգործական ծրագրերի մասին» N 66-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացում-ները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22-րդ կետով.
«22. Հանձնաժողովի աշխատակազմը՝
ա) ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հասցեով ստացված հայտերը, կից ներկայացված ծրագրերն ու հիմնավորող փաստաթղթերը և ապահովում դրանց համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.
բ) նախապատրաստում է ներկայացված ծրագրերի, դրանց հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող հարակից գործարքներ, ինչպես նաև բարեգործական բեռների ներմուծման վերաբերյալ համապատասխան որոշման նախագծեր և համաձայնեցնում շահագրգիռ հանրապետական գործադիր ու տարածքային մարմինների հետ.
գ) կազմակերպում է քննարկումներ որոշման նախագծերի վերաբերյալ արված դիտողությունների և առաջարկությունների ու դրանց լուծմանն ուղղված քայլերի կապակցությամբ և դրանք նախապատրաստում հանձնաժողովի նիստին.
դ) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը, անհրաժեշտ նյութերն ու որոշումների նախագծերը և ուղարկում հանձնաժողովի անդամներին.
ե) հանձնաժողովի քարտուղարի և նախագահի ստորագրմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստերի արձանագրություններն ու հանձնաժողովի ընդունած որոշումները և սահմանված ժամկետում համապատասխան կազմակերպություններ է ուղարկում հանձնաժողովի որոշումները.
զ) ստանում և ուսումնասիրում է բարեգործական ծրագրերի իրականացման ընթացքի և ավարտի մասին ստացված տեղեկատվությունն ու հաշվետվությունները.
է) իրականացնում է հանձնաժողովի գործավարությունը.
ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:».
2) որոշման N 2 հավելվածի՝
ա. 13-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերով,
բ. 14-րդ կետը «Հանձնաժողովում հայտի քննարկման առավելագույն ժամկետը 30 օրացուցային օր է:» նախադասությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայտի քննարկումն իրականացվում է նիստերի, հարցման (հեռակա քվեարկության) միջոցով:»,
գ. 20-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) նիստին ներկա հանձնաժողովի անդամների պարզ մեծամասնությունը քննարկման արդյունքում «դեմ» է քվեարկում տվյալ ծրագրի որակմանը կամ հարակից գործարքներին հարկային արտոնությունների տրամադրմանը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: