29 Դեկտեմբերի 2011, 1882 - Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնված՝ Երևան քաղաքի Մոլդովական 70/1 հանրակացարանային մասնաշենքից 185.4 քառ. մետր մակերեսով, 872406 դրամ հաշվեկշռային արժեքով անշարժ գույքը (այսուհետ՝ գույք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել այնտեղ բնակվող բնակիչներին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման բնակիչների միջոցների հաշվին:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքի զբաղեցրած հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին: