1 Դեկտեմբերի 2011, 1799 - Ն
«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Uտեղծել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. Uահմանել, որ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝
1) ազգային երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակված պետական նպատակային ծրագրերի ու միջոցառումների իրականացումը.
2) ազգային երիտասարդական քաղաքականության առաջնայնությունների համատեքստում երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև երիտասարդների ոչ ֆորմալ խմբերի ծրագրերի իրականացմանն աջակցության ցուցաբերումը.
3) ազգային երիտասարդական քաղաքականության պետական և ոչ պետական հատվածների փոխգործակցությանն ուղղված միջոցառումների իրականացումը.
4) երիտասարդական նախաձեռնությունների համակողմանի աջակցությունը.
5) երիտասարդների հիմնախնդիրների վերաբերյալ տարբեր ուսումնասիրությունների իրականացումը, համապատասխան տվյալների բազաների ձևավորումը, վերլուծությունը և հրապարակումը.
6) երիտասարդների մասնակցությունը խթանող դասընթացներին, սեմինարներին, համաժողովներին, այլ կրթական ուղղվածություն ունեցող միջոցառումների կազմակերպումը և երիտասարդների ոչ ֆորմալ կրթությանն աջակցությունը.
7) երիտասարդական համաժողովների և տարբեր այլ հավաքների կազմակերպումը, հրատարակումների իրականացումը, խորհրդատվության տրամադրումը, տեղեկատվության տարածումը.
8) օտարերկրյա և միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցությունը.
9) երիտասարդների շարժունակությունը և տարբեր ծառայությունների մատչելիությունը խթանող ծրագրերի իրականացումը.
10) երիտասարդական աշխատանքի խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը, կամավորական աշխատանքների խրախուսումը.
11) ժամանակակից տեղեկատվական համակարգերի ներդրմամբ և երիտասարդական աշխատանքի արդի այլ գործիքների կիրառմամբ ինովացիոն ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը.
12) երիտասարդների կարողությունների և ունակությունների բացահայտումը և որոշումը.
13) հասարակական կազմակերպությունների կողմից դրամաշնորհային ծրագրերի հայտերի համացանցային առցանց (օնլայն) ռեժիմով ներկայացման համակարգի վարումը, պահպանումը և զարգացումը.
14) երիտասարդության զբաղվածությանն ուղղված ծրագրերի իրականացումը.
15) հաշմանդամ երիտասարդների համար հավասար հնարավորությունների ընձեռմանը և հասարակական կյանքի ակտիվ ինտեգրմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
4. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
5. Uահմանել, որ`
1) «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է իր կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար.
2) պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով գույք չի հանձնվում, այդ թվում` պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում պետական սեփականություն հանդիսացող հողեր, նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող շենքեր, շինություններ և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք, և նշված գույքը կազմակերպությանը կարող է տրամադրվել միայն անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
6. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում՝
1) հաստատել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի կազմը.
2) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչական շենքում «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը բնականոն գործունեություն իրականացնելու նպատակով հատկացնել աշխատասենյակ.
3) ապահովել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: