4 Օգոստոսի 2005, 1194 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 5086,1 հազ. դրամ արժողությամբ գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000 -ապատիկը գերազանցող գույքի:
«Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Երևանի Կոմիտասի 51 հասցեում գտնվող մասնաշենքի 3-րդ հարկի` 478,3 հազ. դրամ արժողությամբ և 274,1 քառ. մետր մակերես ունեցող տարածքը` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
4. Սահմանել, որ`
ա) «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը և առարկան Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրված մշակութային արժեքների մշակութաբանական ու արվեստաբանական փորձաքննության իրականացումը, մշակութային արժեքների մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննությանը վերաբերող գրքերի, ձեռնարկների, տեղեկագրերի, ժողովածուների ու այլ գրականության հրատարակումը, Հայաստանի Հանրապետության մաքսային և այլ իրավապահ մարմինների կողմից առգրավված կամ բռնագրավված մշակութային արժեքների մասին տեղեկատվության տրամադրումը, մշակութային արժեքների փորձագիտության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մշակութաբանության և արվեստաբանության բնագավառում մասնագիտական դասընթացների կազմակերպումն են.
բ) «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով.
գ) պետության կարիքների համար մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննություն իրականացնելու նպատակով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` պատվիրատուին (պետական մարմնին) վերապահված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը` իր կողմից սահմանված կարգին համապատասխան:
5. «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) հասարակական և հումանիտար գիտությունների, ինչպես նաև տեխնոլոգիաների բնագավառներում հետազոտությունների և մշակումների կատարում.
բ) լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրով դասընթացների կազմակերպում.
գ) տեղեկատվության մեքենայական կրիչների վերարտադրում.
դ) տվյալների մշակում.
ե) տվյալների հիմնապահեստների հետ կապված գործունեություն.
զ) գրքերի հրատարակում.
է) լուսանկարչության բնագավառի գործունեություն.
ը) գործավարական և թարգմանչական ծառայություններ:
6. «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ու «Է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
7. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում`
ա) ապահովել «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.
բ) հաստատել «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: