14 Հուլիսի 2005, 1190 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉԵՍ ՆԱԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ստեղծված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց (այսուհետ` իրավաբանական անձինք) լուծարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել այդ պետական կառավարման մարմինների տնօրինմանն անցած իրավաբանական անձանց մասին առկա տեղեկատվությունը:
3. Սահմանել, որ իրավաբանական անձանց լուծարումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից ստեղծված հանձնաժողովը, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) սույն որոշման 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն իրավաբանական անձանց լուծարման վերաբերյալ,
բ) սույն որոշման 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո իրականացնել իրավաբանական անձանց հաշվառում` հաշվառման մասին ամփոփ տեղեկատվությունը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն,
գ) յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների մասին,
դ) 10-օրյա ժամկետում հաստատել հանձնաժողովի և հանձնակատարի միջև կնքվելիք հանձնարարության պայմանագրի օրինակելի ձևը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանձնակատարի վարձատրության չափը սահմանում է հանձնաժողովը՝ ամսական կտրվածքով, ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի քսանապատիկը, սակայն ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը, ընդ որում՝ լուծարման հանձնաժողովի կողմից տրված հանձնարարականների կատարման հետ կապված ծախսերը ենթակա են փոխհատուցման` լուծարվող իրավաբանական անձանց միջոցներից:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 4-րդ կետի «բ» ենթակետում նշված տեղեկություններն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում` գործող հաշվարկային հաշիվներ չունեցող իրավաբանական անձանց դեբիտորական պարտավորությունների մարման, դրանց գույքն աճուրդով կամ մրցույթով վաճառելու նպատակով բացել ժամանակավոր դրամային հաշիվներ և դրս մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում իրավաբանական անձանց հաշվապահական հաշվեկշռում արտացոլված մարման ենթակա կրեդիտորական պարտավորությունների վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել իրավաբանական անձանց ժամանակավոր դրամային հաշիվների վարման կարգը:
7. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն լուծարվող իրավաբանական անձանց լուծարումն իրականացվում է սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: