Կառավարության որոշումներ

14 Մայիսի 2005, 1187 - Ն

50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ) ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 91-րդ հոդվածի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության կանոնակարգի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

բ) վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) աշխատանքային ծրագիրը (եռամսյակային բաշխմամբ)` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) 2002-2004 թվականներին մինչև 500 մլն դրամի չափով իրացման միջին տարեկան շրջանառություն ունեցող 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններում «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ընկերության կանոնադրությամբ և վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) գործունեության կանոնակարգով սահմանված` վերստուգող հանձնաժողովների իրավասությունները դրվում են վերստուգողի վրա,

բ) վերստուգող հանձնաժողովների անդամները և վերստուգող հանձնաժողովների իրավասություններն իրականացնող վերստուգողներն ընտրվում են մրցութային կարգով,

գ) վերստուգող հանձնաժողովի անդամները կամ վերստուգողներն աշխատանքի են նշանակվում մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ՝ բաժնետերերի տարեկան ժողովի կամ բաժնետերերի հրավիրած արտահերթ ժողովի որոշմամբ,

դ) վերստուգող հանձնաժողովի անդամի (վերստուգողի) լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են ժողովի որոշմամբ՝ վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի (այսուհետ՝ հսկող մարմին) ներկայացմամբ, և ընկերության խորհրդի և (կամ) գործադիր մարմնի ղեկավարի առաջարկությամբ՝ հսկող մարմնի ներկայացմամբ,

ե) վերստուգող հանձնաժողովի նախագահի և վերստուգող հանձնաժողովի իրավասություններն իրականացնող վերստուգողի վարձատրության չափը սահմանվում է ժողովի որոշմամբ՝ տվյալ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ղեկավարի աշխատավարձի 80-90 տոկոսի չափով,

զ) մասնավոր կառավարչի ներգրավմամբ` կոնցեսիոն պայմանագրով, հավատարմագրային կամ այլ եղանակով կառավարման հանձնված ընկերությունում վերստուգող հանձնաժողովի նախագահի վարձատրության չափը սահմանվում է նմանատիպ գործունեություն իրականացնող և իրացման միջին տարեկան շրջանառության համապատասխան ծավալ ունեցող ընկերության գործադիր մարմնի ղեկավարի աշխատավարձի 80-90 տոկոսի չափով,

է) վերստուգող հանձնաժողովի անդամի վարձատրության չափը սահմանվում է ժողովի որոշմամբ և չի կարող գերազանցել վերստուգող հանձնաժողովի նախագահի աշխատավարձի 75 տոկոսը (հանձնաժողովի քարտուղարի գործառույթներ իրականացնող անդամի աշխատավարձը` հանձնաժողովի նախագահի աշխատավարձի 80 տոկոսը),

ը) վերստուգող հանձնաժողովի անդամների առավելագույն թվաքանակը` ընկերության խորհրդի (այդպիսին չլինելու դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի) առաջարկությամբ հաստատում է ժողովը,

թ) վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) գործունեության ապահովման տարեկան առավելագույն ծախսերը սահմանվում են վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) աշխատավարձի տարեկան ֆոնդի 25 տոկոսի չափով,

ժ) վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) գործունեության ապահովման ծախսերի նախահաշիվը` վերստուգող հանձնաժողովի նախագահի (վերստուգողի) ներկայացմամբ և ընկերության խորհրդի (գործադիր մարմնի ղեկավարի) եզրակացությամբ հաստատում է ընդհանուր ժողովը,

ժա) վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) գործունեության ապահովման ծախսերը, նախահաշվի հաստատումից հետո, արտացոլվում են ընկերության համապատասխան ծախսային հոդվածներում,

ժբ) վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) գործունեության համար անհրաժեշտ աշխատանքային տարածքը և աշխատելու համար բավարար պայմաններն ապահովում է ընկերությունը:

3. Բաժնետոմսերի կառավարման լիազորություն ունեցող պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝

ա) 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորումը և գործունեությունը կանոնակարգել սույն որոշմանը համապատասխան,

բ) 100 տոկոսից պակաս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների առաջիկա հերթական կամ արտահերթ ընդհանուր ժողովների քննարկմանը ներկայացնել այդ ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորումը և գործունեությունը սույն որոշմանը համապատասխան կանոնակարգելու հարցը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) ընտրության մրցութային հանձնաժողովի ձևավորման և մրցույթի անցկացման կարգն ու մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները (չափանիշները):

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Արխիվ

2024

2023