Կառավարության որոշումներ

1 Դեկտեմբերի 2011, 1700 - Ա

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղվերան գյուղում գտնվող ռադիոհսկման և ռադիոուսուցման կենտրոնի` 71951733 դրամ հաշվեկշռային արժեքով, 2763.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք, շինությունները (1842.2 քառ. մետր մակերեսով շենքը, 921.1 քառ. մետր մակերեսով շինությունները, այդ թվում` տնտեսական մասնաշենք՝ 828.7 քառ. մետր, ենթակայան` 19.0 քառ. մետր, ջրի մաքրման կայան՝ 63.0 քառ. մետր, տաղավար N 1՝ 5.2 քառ. մետր և տաղավար N 2՝ 5.2 քառ. մետր) և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.0 հեկտար մակերեսով հողատարածքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետության կողմից գույքային ներդրում, հանձնել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող պայմանագրի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում սահմանելով, որ «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամը պարտավոր է`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայտի հիման վրա գույքն անհատույց տրամադրել Հայաս-տանի երիտասարդական հիմնադրամին` երիտասարդության շրջանում իրականացվող ծրագրերի և միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև սփյուռքից, այդ թվում` «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած երիտասարդության հյուրընկալման համար` իր միջոցների հաշվին իրականացնելով նաև սպասարկման (բացառությամբ սննդի) հետ կապված ծախսերը.
2) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հայտի հիման վրա գույքն անհատույց տրամադրել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` կադրերի ուսուցման և վերապատրաստման գործընթացի կազմակերպման համար: