Կառավարության որոշումներ

17 Նոյեմբերի 2011, 1624 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանարապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանարապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին և 1.2-րդ կետերով.
«1.1. Զինծառայողի ամսական դրամական բավարարման մեջ հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պաշտոնական դրույքաչափը (վարձատրության ամսական չափը), զինվորական կոչման դրույքաչափը և սույն որոշման 1.2-րդ կետում նշված` զինծառայողի ստաժի համար այդ դրույքաչափերից հաշվարկվող հավելումը:
1.2. Զինծառայողի զինվորական ստաժի համար, ըստ զինվորական ծառայության տարիների, հաշվարկվում է հավելում նրա պաշտոնային դրույքաչափի (վարձատրության ամսական չափի) և զինվորական կոչման դրույքաչափի գումարի հետևյալ տոկոսաչափերով`
1) 2-5 տարվա համար` 5 տոկոս.
2) 5-10 տարվա համար` 10 տոկոս.
3) 10-15 տարվա համար` 15 տոկոս.
4) 15-20 տարվա համար` 20 տոկոս.
5) 20-25 տարվա համար` 25 տոկոս.
6) 25 և ավելի տարվա համար` 30 տոկոս:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5 ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման N 1 հավելվածը 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին և 19.2-րդ կետերով.
«19.1. Զինծառայողին օրենքի 18-րդ հոդվածով երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակվում է նաև, եթե`
1) 2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ունեցել է 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմել է առնվազն 8 օրացուցային տարի, և զինվորական ծառայությունից արձակվել է մինչև 2011 թվականի նոյեմբերի 1-ը` սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ (սահմանային տարիքը լրացած լինելու դեպքում).
2) զինծառայողը «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի համաձայն նշանակվել է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի (համարվել է քաղաքացիական հատուկ ծառայող)՝ մեկ տարվա ընթացքում պահպանելով երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքը, 2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ունեցել է 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմել է առնվազն 8 օրացուցային տարի, և 50 տարեկանը լրացել է մինչև 2011 թվականի հունվարի 1-ը:
19.2. Սույն կարգի 19.1-ին կետում նշված` երկարամյա ծառայության կենսաթոշակի չափը հաշվարկվում է օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա: