3 Նոյեմբերի 2011, 1572 - Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2011 թվականի ապրիլի 15-ի ԱԺՈ-269-Ն որոշմամբ վավերացված` «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի (այսուհետ` ծրագիր) ֆինանսավորման համաձայնագրի Գ բաժնով և N 1 հավելվածի 7-րդ կետի 7.1-ին ենթակետով սահմանված դրույթներով, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ և 12-րդ հոդվածի 5-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմնադրման եղանակով ստեղծել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն):
2. Սահմանել, որ ընկերության կանոնադրական կապիտալը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից` Հայաստանի Հանրապետության դրամով` ծրագրով նախատեսված 1.700.000 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով` համաձայն «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի:
3. Ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրով սահմանված պայմաններին համապատասխան` 15-օրյա ժամկետում հաստատել ընկերության կանոնադրությունը.
2) ապահովել ընկերության պետական գրանցումը և ընկերության հիմնադրման հետ կապված` օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը` գրանցման, բաժնետոմսերի ռեեստրի բացման ծախսերն իրականացնելով ծրագրով նախատեսված միջոցներով` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից.
3) ապահովել ընկերության տնօրենների խորհրդի ստեղծումը` ծրագրի պայմաններին համապատասխան` դրա կազմում ընդգրկելով մեկական ներկայացուցչի` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից (փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ստորաբաժանումից), «Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությունից, Զարգացման հայկական գործակալությունից, և մեկական ներկայացուցչի` այգեգործությամբ զբաղվող մասնավոր ոլորտի երկու կազմակերպությունից.
4) ապահովել տնօրենների խորհրդի կողմից` ընկերության գործունեությունը կարգավորող ներքին ակտերի ընդունումը, գործունեության հիմնական ուղղությունների,
տարեկան ծախսերի նախահաշվի, կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումը.
5) ընկերության պետական գրանցումից հետո նրա հետ կնքել ծրագրով նախատեսված իրականացման պայմանագիր` ծրագրով նախատեսված միջոցառումների, նպատակների և տնտեսական ցուցանիշներին հասնելու վերաբերյալ.
6) 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության կանոնադրական կապիտալում լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման եղանակով` որպես ծրագրով նախատեսված 300.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով գնահատված հողատարածք և կառույց ներդնելու վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ընկերության պետական գրանցումից հետո նրա հետ կնքել ծրագրով նախատեսված ֆինանսավորման պայմանագիր` փոխառության և դրամաշնորհի տրամադրման պայմանների վերաբերյալ` առանց գրավի: