Կառավարության որոշումներ

29 Սեպտեմբերի 2011, 1520 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված` ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 33-րդ կետի «զ» կետը «(ուղղակի վաճառք)» բառերից հետո լրացնել «կամ սույն կարգի 34.2-րդ կետով նախատեսված դեպքում` վարձակալության իրավունքով» բառերով.
2) 34-րդ կետը «գներով» բառից հետո լրացնել «(վարձավճարով)» բառով, «կադաստրային արժեքով» բառերից հետո` «(վարձակալության իրավունքով)», «հողամասի կադաստրային արժեքը» բառերից հետո` «(վարձավճարի չափը)» բառերով, իսկ «գները» բառից հետո` «(վարձավճարները)» բառով.
3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 34.2-րդ կետով.
«34.2. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերում ինքնակամ կառույցներ համարվող ավտոտնակների, կրպակների, տաղավարների և այլ համանման ինքնակամ շինությունների օրինականացման ու տնօրինման դեպքերում` նշված շինությունները և դրանցով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասը սեփականության կամ վարձակալության իրավունքով տրամադրվում է ինքնակամ կառույցն իրականացրած անձին:
Ընդ որում, եթե ինքնակամ շինությունների և դրանցով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասի` սեփականության իրավունքով տրամադրումը հակասում է սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտևորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ապա սույն կետում նշված ինքնակամ կառույցները և դրանցով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասը տրամադրվում է վարձակալության իրավունքով».
4) 35-րդ կետում`
ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. Սույն կարգի 34-րդ և 34.2-րդ կետերով նախատեսված ուղղակի վաճառքը կամ ուղղակի վարձակալությունը կատարվում է հետևյալ գներով (վարձավճարներով)»,
բ. «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) սույն կարգի 34.2-րդ կետի համաձայն` օրինականացված ավտոտնակների, կրպակների, տաղավարների և այլ համանման շինությունների օտարման դեպքում` յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` բազային տուրքի 10-ապատիկի չափով,»,
գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.
«զ) սույն կարգի 34.2-րդ կետի համաձայն` օրինականացված ավտոտնակները, կրպակները, տաղավարները և այլ համանման շինություններն ու համապատասխան հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքում` համայնքի ավագանու կողմից սահմանված վարձավճարներով».
5) 35.1-ին կետը «վաճառքի գնին» բառերից հետո լրացնել «(վարձավճարին)» բառով.
6) 36-րդ կետը «գնման» բառից հետո լրացնել «(վարձակալության)» բառով, «վաճառքի գները» բառերից հետո` «(վարձավճարները)» բառով.
7) 39-րդ կետը «ձեռք բերելու» բառերից առաջ լրացնել «սեփականության կամ վարձակալության իրավունքով», «և դրանց վաճառքի գները» բառերից հետո` «կամ առնվազն երեք ամսվա համար հաշվարկված վարձավճարները», «օտարվում են» բառերից հետո` «կամ ուղղակի ձևով տրամադրվում են վարձակալության» բառերով.
8) 40-րդ կետի «բ» ենթակետը «օտարվող» բառից հետո լրացնել «կամ վարձակալության իրավունքով տրամադրվող» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: