Կառավարության որոշումներ

27 Հոկտեմբերի 2011, 1535 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ (ՈՉ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ) ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԹԱՓՈՒԿ ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 56-րդ հոդվածի ու «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաս-տանի Հանրապետության օրենքի 17-րդ և 20-րդ հոդվածների դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ոչ արտադրական նպատակներով թափուկ վառելափայտի մթերման դեպքում անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերում բնակվող ընտա-նիքների համար սահմանել բնօգտագործման վճարների գծով արտոնություն` ըստ բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների և սահմանափակումների` 100 տոկոսի չափով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, հաշվի առնելով բնակավայրերի` անտառից ունեցած հեռավորությունը և գազաֆիկացված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում համատեղ հրամանով հաստատել ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող` անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ցանկը:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ընդունել «Ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտի մթերման և բացթողման կարգը հաստատելու մասին» համատեղ հրաման.
2) սահմանել հսկողություն համապատասխան անտառային տնտեսություն վարող տարածքային կազմակերպությունների կողմից սույն որոշման 2-րդ կետով սահմանված ցանկում ներառված ընտանիքներին թափուկ վառելափայտի բացթողման գործընթացի նկատմամբ:
4. Թույլատրել սույն որոշման 2-րդ կետով սահմանված ցանկում ներառված բնակավայրերում բնակվող ընտանիքներին Հայաստանի Հանրապետության գյուղա-տնտեսության նախարարի և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի համատեղ հրամանով սահմանված կարգով` սեփական միջոցներով մթե-րել և անտառային տնտեսություն վարող տարածքային կազմակերպություններից անվճար ձեռք բերել մինչև 8 խոր. մետր թափուկ վառելափայտ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: