Կառավարության որոշումներ

13 Հոկտեմբերի 2011, 1521 - Ն

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ, ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 844 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ մասերը և 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել`
1) ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության ու չափանիշների սահմանման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) ազատ տնտեսական գոտու սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջների կարգը` համաձայն N 3 հավելվածի:
2. Օրենքով սահմանված պետական կառավարման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել թույլտվության վկայականի ձևը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենազավորման ենթակա գործունեության որոշ տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 844 որոշման 1-ին կետի <<է>> և <<ժ>> ենթակետերը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված