20 Հոկտեմբերի 2011, 1504 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍ- ՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել լրացումներ ու փոփոխություններ` համաձայն NN 1, 2 , 3 և 4 հավելվածների:
2. «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին կմ29+600-կմ71+500 ճանապարհահատվածում հաղորդակցուղիների` կապի մալուխների, գազատարի, էլեկտրական օդային գծերի և ջրամատակարարման խողովակների տեղա-փոխման աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 1,317,595.4 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը սույն որոշման N 3 հավելվածում նշված գնումներն իրականացնելու է բանակցային ընթացակարգի կիրառման միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝
1) սույն որոշման N 3 հավելվածում նշված տեղափոխման աշխատանքների ընդունումից հետո 10-օրյա ժամկետում դրանք շահագործման հանձնել համապատասխան կազմակերպություններին.
2) Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրի ավարտին Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ծրագրի իրականացման ընթացքում առաջացած՝ վերադարձվող նյութերի (խողովակներ, հաղորդալարեր, մալուխներ և այլն) տնօրինման վերաբերյալ առաջարկություն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված