11 Օգոստոսի 2011, 1233 - Ն
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, «ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 503-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը և 15-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտները` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտորների վարքագծի կանոնները` համաձայն N 2 հավելվածի.
3) կազմակերպություններում «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ներքին աուդիտի համակարգի ներդրման ժամանակացույցը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է,
2) «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ներքին աուդիտի համակարգի մասին նախորդ տարվա հաշվետվությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից և հրապարակվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժինը վերակազմավորել աշխատակազմի ներքին աուդիտի վարչության:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1460-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 503-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետի 4-րդ ենթակետի «ժէ» պարբերությունը,
բ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին ենթակետով.
«5.1. ներքին աուդիտի ոլորտում`
ա. ներքին աուդիտի համակարգի զարգացման և մեթոդաբանության կատարելագործման նպատակով պարբերաբար դիտարկումներ (մոնիթորինգ) է իրականացնում «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ներքին աուդիտի մեթոդաբանության, ներքին աուդիտի ստանդարտների և ներքին աուդիտորների վարքագծի կանոնների պահանջների կիրառման նկատմամբ,
բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է`
- ներքին աուդիտի գործընթացի համակարգումը և ներդաշնակեցումը,
- ներքին աուդիտորների ուսուցման և շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի առկայությունը,
- ներքին աուդիտորի արհեստավարժության համապատասխան աստիճանը հաստատող որակավորման քննությունների կազմակերպման համակարգի առկայությունը,
- մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը ներքին աուդիտի համակարգի մասին նախորդ տարվա հաշվետվության հրապարակումը,
- ներքին աուդիտորների` որակավորված անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց հաշվառումը և նրաց ցանկի հրապարակումը,
- Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ներքին աուդիտի ոլորտի հաստատությունների ու մարմինների հետ համագործակցությունը,
- կազմակերպությունների ներքին աուդիտի ստորաբաժանումների, ներքին աուդիտորների, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանումների կանոնակարգերի գրանցամատյանի ստեղծումը և վարումը:».
2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.
«12.1. Նախարարը, «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ապահովում է ներքին աուդիտի համակարգի առկայությունը և գործունեությունը:».
3) որոշման N 2 հավելվածի 1-ին բաժնի՝
ա. 1-ին կետը լրացնել«Ներքին աուդիտի վարչություն» բառերով,
բ. 3-րդ կետից հանել «Ներքին աուդիտի բաժին» բառերը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: