25 Օգոստոսի 2011, 1221 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`
1) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը պետք է հրապարակվի նաև azdarar.am կայքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշմամբ սահմանված կարգով:».
2) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.
«6.1. Խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակելուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ սույն կարգի 6-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը տրամադրում է կրթության կառավարման պետական լիազորված մարմնին (այսուհետ` նախարարություն), որը երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ տեղեկատվությունը հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում:».
3) 7-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 30 օրվա ընթացքում:».
4) 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 28.1-ին կետով.
«28.1. Երկրորդ մրցույթի ժամանակ տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն:
Կրկնակի քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու դեպքում հաստատության խորհուրդը եռօրյա ժամկետում նախարարություն է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները:
Նախարարությունը հավակնորդներից որևէ մեկին, հիմք ընդունելով նշված փաստաթղթերը, որոշում է ընդունում մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ և 5-օրյա ժամկետում լիազոր մարմին է ներկայացնում առաջարկություն` սույն կարգի 34-րդ կետի պահանջի համաձայն աշխատանքային պայմանագիր կնքելու համար:».
5) 34-րդ կետը «տնօրենի» բառից հետո լրացնել «կամ սույն կարգի 28.1-ին կետի համաձայն երաշխավորվող հավակնորդի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: