Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2011, 1193 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1716-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի N 681-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1716-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) 6-րդ կետի «բ» և 8-րդ կետի «ա» ենթակետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«բժիշկների հետդիպլոմային և շարունակական կրթության պարտադիր ապահովումը,
բարձր որակավորում ունեցող բժշկական մասնագետների, դեղագետների և ստոմատոլոգների պատրաստումը,
բժիշկների, ստոմատոլոգների, դեղագետների, միջին բուժանձնակազմի և դեղագործների գիտելիքների բարձրացման նպատակով հետդիպլոմային շարունակական կատարելագործման աշխատանքների կազմակերպումը.».
2) 6-րդ և 8-րդ կետերը «գ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ1» ենթակետով.
«գ1. դասախոսական կազմի, ինչպես նաև առողջապահության կազմակերպման, ֆինանսավորման, հանրային առողջության մասնագետների պատրաստումը և նրանց շարունակական կրթության ապահովումը.»:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մեկամսյա ժամկետում «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված գործառույթների իրականացման նպատակով «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված միջոցները «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: