Կառավարության որոշումներ

4 Օգոստոսի 2011, 1118 - Ա

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 241953000 դրամ հաշվեկշռային արժեքով Ախուրյանի անավարտ կոլեկտորը (այսուհետ` գույք) և որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» պետական կառավարչական հիմնարկին` մրցութային եղանակով օտարման նպատակով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինությանը հանձնված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն օտարել մրցույթով:
4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
1) սույն որոշման 1-ին կետում նշված Ախուրյանի անավարտ կոլեկտորն իր միջոցների հաշվին, համաձայն սահմանված կարգով կազմած նախագծանախահաշվային փաստաթղթերի, այլ տրամաչափի խողովակներով փոխարինումը, որը կծառայի որպես կեղտաջրերի հեռացման համակարգ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված Ախուրյանի անավարտ կոլեկտորի` սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված այլ տրամաչափի խողովակներով փոխարինման աշխատանքների իրականացման ժամկետները.
3) այն առավելագույն գինը, որը սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված աշխատանքների իրականացումից հետո մրցույթի հաղթողը պատրաստ է վճարել.
4) նոր խողովակաշարի կառուցումը և հետո միայն սույն որոշման 1-ին կետում նշված Ախուրյանի անավարտ կոլեկտորի ապամոնտաժումը և քանդումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.
2) շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ այդ աշխատանքներին անհրաժեշտության դեպքում ներգրավել «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ աշխատանքների ավարտից հետո նոր խողովակները սահմանված կարգով հանձնել «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպել մրցույթի անցկացումը.
2) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին կատարել սույն որոշման 4-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերում նշված աշխատանքները։
7. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարը փոխանցվում է «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
8. Սույն որոշման 1-ին կետում և սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքի և այլ տրամաչափերի խողովակների հաշվեկշռային արժեքների տարբերության չափով բաժնետոմսերի անվանական արժեքի նվազեցման միջոցով նվազեցնել «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը` պահպանելով բաժնետերերի միջև գոյություն ունեցող փայամասնակցությունները: