Կառավարության որոշումներ

28 Հուլիսի 2011, 1047 - Ա

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ «ԱԳ ԵՎ ԱԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ՔԱՐՄՇԱԿՄԵՔԵՆԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՒ «ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «է» և 9-րդ հոդվածի «ե» կետերի պահանջները և հաշվի առնելով Մինաս Ավետիսյանի որմնանկարների` իրենց կողմից վերականգնման վերաբերյալ Գյումրու քաղաքապետի և «ԱԳ ԵՎ ԱԱ Բաղդասարյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջարկները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել`
1) Գյումրու քաղաքապետարանի միջոցների հաշվին իրականացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված և պետական սեփականություն հանդիսացող` Գյումրի քաղաքի «Քարմշակմեքենա» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի տեղափոխման աշխատանքները.
2) «ԱԳ ԵՎ ԱԱ Բաղդասարյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին իրականացնել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված և պետական սեփականություն հանդիսացող` Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքում գտնվող Մինաս Ավետիսյանի «Գորգ են գործում» որմնանկարի տեղափոխման աշխատանքները:
2. Սահմանել, որ`
1) Գյումրի քաղաքի «Քարմշակմեքենա» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարը տեղափոխվում է Գյումրի քաղաքի Վարդանանց 1 հասցեում գտնվող Գյումրու քաղաքապետարանի շենք.
2) Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքում գտնվող Մինաս Ավետիսյանի «Գորգ են գործում» որմնանկարը տեղափոխվում է Գյումրի քաղաքի Աբովյան 218 հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառված (ենթահամար` N 4.871) շենքի սրահ:
3. Առաջարկել Գյումրու քաղաքապետին և «ԱԳ ԵՎ ԱԱ Բաղդասարյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենին սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված աշխատանքներն իրականացնելու նպատակով մասնագիտացված կազմակերպության հետ կնքել պայմանագիր` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված աշխատանքներն ավարտվելուց հետո`
1) սահմանված կարգով ապահովել վերականգնման աշխատանքների իրականացման թույլտվության տրամադրումը և դրանց նկատմամբ վերահսկողության իրականացումը.
2) սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված պայմանագրերի կնքումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1270-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.
3) Գյումրու քաղաքապետարանի և «ԱԳ ԵՎ ԱԱ Բաղդասարյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել նշված որմնանկարներն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր և պահպանական պարտավորագիր: