Կառավարության որոշումներ

28 Հուլիսի 2011, 1057 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`
1) 17-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Նախագծանախահաշվային ճարտարապետաշինարարական փաստաթղթերի և շինարարական, այդ թվում` կառուցման, վերակառուցման, ամրացման, ներքին հարդարման, վերականգնման, նորոգման և հիմնանորոգման, ինչպես նաև ցանկացած տիպի այլ շինարարական աշխատանքների գնման առարկայի բնութագրի նախագծի կազմմանը մասնակցում է նաև տվյալ օբյեկտը շահագործող կազմակերպության ներկայացուցիչը, իսկ ճանապարհաշինության, ճանապարհների ասֆալտապատման կամ ճանապարհների ցանկացած տիպի այլ շինարարական աշխատանքների գնման դեպքում` ճանապարհի տվյալ հատվածն օգտագործող տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:».
2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 35.1-ին, 35.2-րդ, 35.3-րդ,
35.4-րդ և 35.5-րդ կետերով.
«35.1. Մինչև գնումների հրավերների հաստատումը, բացառությամբ շինարարական ծրագրերի, գնահատող հանձնաժողովի անդամները պարտավոր են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության համապատասխան շուկաները և կազմել գրավոր երաշխավորություն տվյալ հրավերի շրջանակում իրականացվելիք գնումների շուկայական գների մասին՝ կցելով մանրամասն բացատրագիր նախահաշվային գնի ու շուկայական գնի համեմատության վերաբերյալ և ուսումնասիրությունը հիմնավորող փաստաթղթերը (այսուհետ՝ կարգի 35.1-ին կետով նախատեսված փաստաթղթեր): Նշված փաստաթղթերն ստորագրվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, իսկ առարկություն ունեցող անդամներն ստորագրում են` նշելով իրենց առարկությունները:
35.2. Ուսումնասիրությունները կատարվում են գնանշումների հարցումների և վիճակագրական տվյալների համադրման միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում` առնվազն այն մեխանիզմով, որով կազմվել է տվյալ գնման նախահաշվային գինը:
35.3. Կարգի 35.1-ին կետով նախատեսված փաստաթղթերը կարող են հրապարակվել միայն մասնակցի ընտրությունից հետո կամ սահմանված կարգով մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում:
35.4. Եթե կարգի 35.1-ին կետով նախատեսված փաստաթղթերի համաձայն շուկայական գնի և սկզբնական նախահաշվային գնի միջև առկա է 15 և ավելի տոկոս դրական կամ բացասական տարբերություն, ապա հանձնաժողովը դիմում է պատվիրատուին՝ սահմանված կարգով գնումների պլանում փոփոխություն կատարելու համար: Համապատասխան փոփոխությունից հետո գնումների պլանում նախատեսված գինը համարվում է վերանայված նախահաշվային գին: Մասնակիցների գնային առաջարկները համեմատվում են վերանայված նախահաշվային գնի (գների) և ոչ թե սկզբնական նախահաշվային գնի (գների) հետ և, եթե գնային առաջարկները բարձր են վերանայված նախահաշվային գնից (գներից), ապա մրցույթը հայտարարվում է չկայացած:
35.5. Կարգի 35.4-րդ կետի հիմքով մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում՝ գնահատող հանձնաժողովը պետք է մրցույթի մասնակիցներին տրամադրի կարգի 35.1-ին կետով նախատեսված փաստաթղթերը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: