21 Հուլիսի 2011, 999 - Ա
<<ՔԱՐԱԿԵՐՏ>> ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ <<ԿԱՊԱՆՋՐՇԻՆ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Բաժնետիրական ընկերությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի <<ա>> ենթակետին և 67-րդ ու 68-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել <<Քարակերտ>> պետական փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը` Արմավիրի մարզ, գ. Քարակերտ, գրանցման ծածկագիրը` 57.120.00198) և <<Կապանջրշին>> փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը` Սյունիքի մարզ, քաղ.Կապան, Ձորքի թաղ.1, գրանցման ծածկագիրը` 27.120.00535):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովների ստեղծումը` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և բաժնետիրական ընկերությունների գտնվելու վայրի տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` լուծարման հանձնաժողովների ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում բաժնետիրական ընկերություններում իրականացնել գույքագրում և գույքն ու համապատասխան փաստաթղթերը հանձնել լուծարման հանձնաժողովներին:
4. Բաժնետիրական ընկերությունների լուծարման միջանկյալ հաշվեկշիռները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից հաստատվելուց հետո ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
5. Սահմանել, որ լուծարման հանձնաժողովները`
1) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ: