Կառավարության որոշումներ

14 Հուլիսի 2011, 972 - Ա

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին»
N 111-Ն որոշման N 1 հավելվածի 144-րդ կետը, «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի մասնավոր կառավարման շարունակությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին բանակցություններ վարել «ՍԱՈՒՌ Ս. Ա. Ս. (SAUR S. A. S.)» ֆրանսիական կազմակերպության հետ` մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը, «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու կառավարման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու կամ այդ կազմակերպության հետ կառավարման նոր պայմանագիր կնքելու համար՝ դրանում նախատեսելով պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:
2. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման ձևին հավանություն տալու մասին» N 49-Ա որոշումը: