Կառավարության որոշումներ

28 Հուլիսի 2005, 1120 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման հավելվածի`

ա) 11-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) արտադրանքի խմբաքանակից նմուշառում, նույնականացում և տիպային նմուշի ընտրություն, տիպային նմուշի կամ արտադրանքի յուրաքանչյուր (եզակի) միավորի փորձարկում:

Արտադրանքի տիպային նմուշի ընտրությունը պետք է իրականացվի նույն նշանակության, նույն արտադրողի կողմից` գործողության նույն սկզբունքի վրա հիմնված կառուցվածքով և անվտանգությունը բնութագրող նույն սահմանված պահանջներով արտադրված խմբաքանակից:

Սերտիֆիկացման մարմինը համապատասխանության հավաստման գործընթացում փորձարկումների ծավալը որոշելու ժամանակ պետք է հաշվի առնի արտադրողի, մատակարարողի կամ վաճառողի կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննության արդյունքները: Փորձարկումների ծավալը չպետք է լինի ավելի, քան այն անհրաժեշտ է որոշակի արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստելու համար,

բ) արտադրության վիճակի վերլուծություն կամ որակի կառավարման համակարգի գնահատում».

բ) 33-րդ կետի «ա» ենթակետում «արտադրանքի խմբաքանակի փորձարկում» բառերը փոխարինել «արտադրանքի խմբաքանակից նմուշառում, նույնականացում և տիպային նմուշի փորձարկում» բառերով.

գ) 85-րդ կետի «գ» և «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) արտադրանքի խմբաքանակից նմուշառում, նույնականացում և տիպային նմուշի ընտրություն` սերտիֆիկացման մարմնի կողմից,

դ) տիպային նմուշների փորձարկումների անցկացում` հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: