17 Հունիսի 2011, 840 - Ն
ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը և 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության <<Հրազդան-7>> փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կառավարական շենք 1) բաժնետոմսերը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել այդ ընկերության աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ):
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2011 թվականի ապրիլի 14-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 287 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը` 287 հազ. դրամ:
3. Ընկերությունը 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:
4. Ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելուց հետո պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
5. Ընկերությունը 2000-2009 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ բաժնետոմսերի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված 3000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը:
7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: