10 Հունիսի 2010, 851 - Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1672-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 688-րդ, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին, որպես գույքային ներդրում, հանձնել`
1) «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի ենթակայության` Վեդու կիսակառույց երեկոյան դպրոցի` Վեդի քաղաքի Արարատյան 44 հասցեում գտնվող` 1628,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք, շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,74805 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք).
2) «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի ենթակայության` «Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Կապան քաղաքի Մ. Հարությունյան 5ա հասցեում գտնվող` 787 քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաշենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը (այսուհետ` գույք)` գույքը հետ վերցնելով «Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից.
3) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի ենթակայության` «Ալավերդու թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Ալավերդի քաղաքի Խուդյակովի 2ա/22 հասցեում գտնվող` 1125,7 քառ. մետր մակերեսով մասնաշենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը (այսուհետ` գույք)` այն հետ վերցնելով «Ալավերդու թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից»:
2. Առաջարկել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին որպես նվիրատվություն հանձնել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին պատկանող`
1) Արմավիր քաղաքի Աբովյան 141 հասցեում գտնվող` 310274000 դրամ գնահատված արժեքով, 5163,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք, շինություններից, 223 գծամետր պարսպից և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1,7 հեկտար հողատարածքից 280788700 դրամ գնահատված արժեքով, 4163,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք, շինությունները, 223 գծամետր պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը (այսուհետ` գույք).
2) Հրազդան քաղաքի 5-րդ բանավանի Դուրյան 22 հասցեում գտնվող` 35586000 դրամ գնահատված արժեքով, 793,58 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,2821 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք):
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և առաջարկել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի նվիրատվության մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության Արարատի, Լոռու և Սյունիքի մարզպետներին` սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի միջոցների հաշվին:
5. Առաջարկել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի գնահատումը:
6. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գույքի փոխանակության պայմանագիր կնքելու լիազորություն վերապահելու մասին» N 1672-Ա որոշումը: