Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2011, 670 - Ն

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) կենսաթոշակ վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության միջև կնքվող` կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն է.
2) սույն որոշմամբ սահմանված կարգով վճարվում են նաև լիազոր մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նշանակվող` պատվովճարի, դրամական օգնության և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումարները.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` համապատասխան մարմիններ) համակարգերի կենսաթոշակառուների կենսաթոշակը մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող ընթացակարգերով կարող է վճարվել մինչև 2011 թվականի հուլիսի 1 ը.
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի կենսաթոշակառուի կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարվում է Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատների միջոցով.
5) սկսած 2011 թվականի հուլիսի 1-ից՝ համապատասխան մարմինների համակարգերի կենսաթոշակառուների (բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետում նշված կենսաթոշակառուների) կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով՝ «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջոցով` մինչև կենսաթոշակն ստանալու եղանակը, բանկը կամ կազմակերպությունն ընտրելու կամ փոխելու համար կենսաթոշակառուի կողմից դիմում ներկայացնելը.
6) մինչև 2012 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարվում են միայն «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով (բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետում նշված կենսաթոշակառուներին վճարվող կենսաթոշակի):
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել լիազոր մարմնի հետ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջում հրապարակելը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետին` ձեռնարկել միջոցներ՝ կենսաթոշակառուների (այդ թվում` զինվորական կենսաթոշակ ստացող) հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի հիման վրա կենսաթոշակը սույն որոշմամբ սահմանված կարգով վճարելն ապահովելու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված