5 Մայիսի 2011, 637 - Ն
«ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱ- ՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. Սահմանել, որ`
1) «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
ա. բույսերի պաշտպանության և կարանտինի, անասնաբուժության և անասնաբուծության բնագավառներում պետական ծրագրերի իրականացումը,
բ. բույսերի վնասակար օրգանիզմների մոնիթորինգի իրականացումը,
գ. անասնաբուժական ծառայության, հանրապետությունում իրականացվող անասնահամաճարակային, կենդանիների կարանտինային հիվանդությունների, կենդանիների արտահանման և ներմուծման ժամանակ կարանտինային միջոցառումների, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման աշխատանքների իրականացումը,
դ. մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումների իրականացումը,
ե. օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումների իրականացումը,
զ. սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների, բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, ինչպես նաև կենդանիների դիակների ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների իրականացումը,
է. Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում գրանցված կամ չգրանցված կամ օգտագործումից հանված կամ ժամկետանց բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի գույքագրման և հաշվառման իրականացումը և հաշվետվություն ներկայացնելը լիազոր մարմին:
3. Թույլատրել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում.
2) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների վարակազերծում.
3) բույսերի կարանտին հիվանդությունների և վնասատուների ու մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումների իրականացում.
4) պետական պատվերում չընդգրկված գյուղատնտեսական կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների բուժում.
5) վարակակիր անասնապահական և այլ օբյեկտների ախտահանում.
6) գյուղատնտեսական կենդանիների կլինիկական զննումների և հետազոտությունների իրականացում.
7) գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման միջոցառումների իրականացում, տոհմանյութ արտադրող կազմակերպություններում կենդանիների բոնիտավորման անցկացում.
8) խորհրդատվական ծառայությունների մատուցում.
9) գյուղատնտեսության բնագավառի ուսումնական հաստատությունների ուսանողների ուսումնական պրակտիկայի կազմակերպում.
10) վտանգավոր և ժամկետանց սննդամթերքի ոչնչացման գործընթացի իրականացում:
4. «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8–րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը և ապահովել այդ փոփոխությունների պետական գրանցումն իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում.
2) քննարկել և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվող գույքի կազմի և արժեքի վերաբերյալ առաջարկություններ.
3) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ առաջարկություն։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: