5 Մայիսի 2011, 577 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալով «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի և «ԼԵՎ ԸՆԴ ԴԱՎ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր) ամրագրված դրույթներին` «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության զբաղեցրած` Երևան քաղաքի Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկի` 89.280,0 հազ. դրամ գնահատված արժեքով, 277.1 քառ. մետր մակերեսով տարածքը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության` Երևան քաղաքի Պուշկինի 25 հասցեում գտնվող` 860.400,0 հազ. դրամ գնահատված արժեքով, 2900.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարչական շենքն ու դրա զբաղեցրած` օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1960.88 քառ. մետր հողատարածքը, Երևան քաղաքի Չարենցի 5/25 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի 1-ին հարկի` 79.200,0 հազ. դրամ գնահատված արժեքով, 328.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, ինչպես նաև բաժնային սեփականություն համարվող համապատասխան հողը (այսուհետ` գույք) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Երևան քաղաքի Դավթաշենի 4-րդ թաղամասի Ա. Միկոյան 109/8 հասցեում գտնվող` «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված հողամասում կառուցվող` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության` 9-հարկանի (որից մեկը` կիսանկուղային) վարչական շենքի (այսուհետ` վարչական շենք) շինարարության իրականացման (կառուցման) համար որպես կառուցապատող ներգրավել «ԼԵՎ ԸՆԴ ԴԱՎ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ` կառուցապատող):
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված վարչական շենքի շինարարության իրականացման (կառուցման) արժեքը, ներառյալ ավելացված արժեքի հարկը, առանց տարբերության ենթակա է հաշվանցման` կառուցապատողին սեփականության իրավունքով հանձնվող` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի (ավելացված արժեքի հարկից ազատված) գնի հետ:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ համաձայն սույն որոշման 2-րդ կետի` Երևան քաղաքի Դավթաշենի 4-րդ թաղամասի Ա. Միկոյան 109/8 հասցեում շենքի կառուցման նախագծի համալիր իրականացման նպատակով, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ, կառուցապատողի հետ կնքել գլխավոր կապալի պայմանագիր` դրանում սահմանելով հետևյալ պարտադիր պայմանները`
1) կառուցապատողն իր միջոցների հաշվին, գլխավոր կապալի պայմանագրի և ամփոփ ֆինանսական հաշվարկի շրջանակներում իրականացնում է վարչական շենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն ու սահմանված կարգով համաձայնեցումը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ, ինչպես նաև շինարարական համալիր աշխատանքների կատարումը, որի ավարտից հետո կառուցված շենքը (այսուհետ` կապալի պայմանագրի առարկա) սահմանված կարգով, սեփականության իրավունքով հանձնում է Հայաստանի Հանրապետությանը` «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնելու նպատակով.
2) շինարարական աշխատանքների ավարտման ժամկետը սահմանել 16 ամիս` շինարարության թույլտվություն ստանալու օրվանից.
3) նախագծի մշակման և շինարարության իրականացման արժեքը չի կարող պակաս լինել 1.028.880.000,0 դրամից` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) գլխավոր կապալի պայմանագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում` շինարարության ինքնարժեքի ավելացման հետևանքով պետությանը հանձնվող կառույցի գնի ավելացման դեպքում նույն չափով ինքնաբերաբար ավելացվում է կառուցապատողին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի օտարման գինը` առանց որևէ լրացուցիչ գնահատման.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ վարչական շենքի ընդհանուր մակերեսը 4500 քառ. մետրը գերազանցելու դեպքում շինարարության արժեքի ավելացման հետևանքով կողմերի միջև փոխհարաբերությունները ենթակա են առանձին կարգավորման.
6) վարչական շենքի կառուցման դիմաց կառուցապատողի սեփականությանն է հանձնվում սույն որոշման 1-ին կետում նշված գույքը` համաձայն սույն որոշման 6-րդ կետի:
5. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել`
1) վարչական շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը, ինչպես նաև շենքի նախագծի համաձայնեցումը` այն նախօրոք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ.
2) վարչական շենքի շինարարության իրականացման թույլտվության տրամադրումը.
3) Երևան քաղաքի Պուշկինի 25 հասցեում գտնվող` 1960.88 քառ. մետր հողատարածքի վրա տեղակայված` 3177,1 մակերեսով շենքում մեկ հիմնական, ինչպես նաև մեկ մանսարդային հարկի կառուցապատման վերակառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը և այդ վերակառուցման աշխատանքների նախագծի համաձայնեցումը կառուցապատողի անվամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ու Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ համաձայնեցնելու պայմանով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) մեկամսյա ժամկետում կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողատարածքի և դրա վրա տեղադրված շենքերի ու շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման` որպես վարչական շենքի կառուցման դիմաց վճարման միջոց, ինչպես նաև սույն որոշման 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված շենքի կառուցման պարտավորություններն ապահովելու նպատակով` գրավի պայմանագիր` գրավի առարկա նախատեսելով սույն որոշման 1-ին կետում նշված գույքը.
2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված շենքի կառուցման ընթացքում կառուցապատողի ներկայացրած 160 մլն դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) միջանկյալ կատարողական ակտերի հաստատումից հետո տասնհինգօրյա ժամկետում Երևան քաղաքի Չարենցի 5/25 հասցեում գտնվող` 328.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը հանել գրավից.
3) սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողատարածքի և դրա վրա տեղադրված շենքերի ու շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման պայմանագրով նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքի, զբաղեցնելու են հանձնվող շենքերը` մինչև վարչական շենքի կառուցման ավարտը: