5 Մայիսի 2011, 545 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի մի շարք համայնքներում առաջացած ծանր ֆինանսական վիճակը մեղմելու համար պարտադիր սոցիալական ապահովության վճարների և եկամտահարկի գծով չկատարված պարտավորությունների (այսուհետ` պարտավորություններ) մարմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2011 թվականի առաջին կիսամյակում հատկացնել մինչև 40,232.3 հազ. դրամ՝ համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`
1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցները համայնքների պարտավորությունների մարմանն ուղղել նրանց հետ կնքված սուբվենցիաների պայմանագրերի հիման վրա.
2) սուբվենցիաների պայմանագրերում նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջե վճարումը համայնքների փոխարեն իրականացվում է անմիջապես Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կողմից.
3) ապահովել, որ պարտավորությունների մարման նպատակով համայնքին հատկացվող գումարը չգերազանցի պայմանագրի կնքման օրվա դրությամբ այդ համայնքի գծով առկա պարտավորությունների փաստացի գումարի չափը: