Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2011, 492 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 454-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի և 13-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 454-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) կազմակերպությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակումը համակարգող ազգային տեղեկատվական կենտրոն».
2) որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության`
ա. 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են տեխնոլոգիաների փոխանցման գործուն մեխանիզմների ձևավորումն ու ներդնումը, գիտատեխնիկական տեղեկատվական և գրադարանային ծառայությունների մատուցումը:
10. Կազմակերպության գործունեության առարկան է`
1) մտավոր սեփականության առևտրայնացմանն աջակցությունը.
2) ինովացիոն հետազոտությունների և մշակումների միասնական տվյալների բազաների ձևավորումը, վերլուծությունը, հրապարակումը.
3) օտարերկրյա և միջազգային համապատասխան ինովացիոն ենթակառուցվածքների հետ համագործակցությունը.
4) ինովացիոն գրավչություն ունեցող նախագծերի բացահայտման, ինչպես նաև շուկա առաջմղման ծառայությունների մատուցումը.
5) գիտատեխնիկական համապատասխան ռեսուրսների պարբերական և կանոնակարգված հավաքագրումը, մշակումը, պահպանումը և սպասարկումը` ժամանակակից տեղեկատվական համակարգերի ներդրմամբ, կազմակերպության վարչական կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանի միջոցով:»,
բ. 11-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) դասընթացների, սեմինարների, շնորհանդեսների, ցուցահանդեսների կազմակերպումը.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: