24 Փետրվարի 2011, 386 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2052-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 30-ի «Ջրօգտագործողների ընկերություններին պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարությանը հավանություն տալու և ռազմավարությունից բխող առանձին միջոցառումների իրականացումն ապահովելու գործողությունների մասին» N 1291-Ն որոշման 1-ին կետով հավանության արժանացած Ջրօգտագործողների ընկերություններին պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել`
1) կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը` համաձայն N 2 հավելվածի։».
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 1-ին էջի վերևում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով, իսկ որոշման հավելվածի վերնագիրը, հավելվածի 2-րդ կետը, հավելվածի ձևի վերնագիրը «(բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի)» բառերով.
3) որոշումը լրացնել N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարվան նախորդող տարիների ընթացքում ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերը, որոնք սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարվա վերջի դրությամբ մարված չեն, սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարում՝ սույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետով սահմանված պահանջների բավարարման (առկայության) դեպքում համարվում են անհուսալի և սույն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի համաձայն ենթակա են դուրսգրման:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարվան նախորդող տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի
N 2052-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգի համաձայն ձևավորված և սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին առկա ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) գումարը ճանաչվում է եկամուտ` սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարում:
4. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա: