Կառավարության որոշումներ

24 Մարտի 2011, 352 - Ն

ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ՔԱՅՔԱՅՎԱԾ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ԳԵՏԱՎԱԶԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արաքս գետի ձախակողմյան ափի երկայնքով գետավազի արդյունահանումը թույլատրել միայն այն հանքային իրավունք ունեցող կազմակերպություններին, որոնք կապահովեն ափապաշտպան ինժեներական կառույցների պահպանումը, վերականգնումը և կառուցումը («Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության առաջարկած ափապաշտպան կառույցների ինժեներական տիպային լուծումներով)` բացառելով գետի հունի խախտումը:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Արաքս գետի հունի կարգավորված մաքրման և մաքրման արդյունքում գոյացած գետաբերուկի օգտագործման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: