Կառավարության որոշումներ

24 Փետրվարի 2011, 280 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՍԵՐՄԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթները և Հայաստանի Հանրապետությունում եգիպտացորենի արտադրությունը զարգացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի եգիպտացորենի արտադրության զարգացման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը ծրագրի իրականացման նպատակով «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով Ուկրաինայի «Սելենա» փակ բաժնետիրական ընկերությունից ձեռք բերել և Հայաստանի Հանրապետություն ներմուծել Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկում չգրանցված 63 տոննա եգիպտացորենի «Կոբզա ՄԲ» հիբրիդի սերմացու։
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) ծրագրում ընդգրկված Հայաստանի Հանրապետության մարզպետներին հանձնել ծրագրով սահմանված չափաքանակներով սերմացուն` գյուղացիական տնտեսավարող սուբյեկտներին բաշխելու նպատակով.
2) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով կազմակերպել սերմացուների բաշխումը մարզերին և տեղափոխումը համապատասխան մարզկենտրոններ` պայմանգիր կնքելով Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ։
4. Ծրագրում ընդգրկված Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
1) ապահովել ծրագրով սահմանված պայմաններին համապատասխան եգիպտացորենի սերմացուի բաշխումը մարզի տնտեսավարող սուբյեկտներին.
2) ապահովել ծրագրով սահմանված պայմաններին համապատասխան եգիպտացորենի սերմացուի դիմաց գանձվող գումարների հավաքագրումը և փոխանցումը Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման համար բացված նպատակային հաշվին.
3) յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդող ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել հաշվետվություն ծրագրի իրականացման ընթացքի մասին։
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդող ամսվա 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ամփոփ հաշվետվություն ծրագրի իրականացման ընթացքի մասին։
6. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 11-րդ կետով նախատեսված` վերադարձվող գումարները հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալների ընդլայնմանը նպատակաուղղելու գործընթացն ու դրա մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 971-Ն որոշման 5-րդ կետով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված