24 Մարտի 2011, 289 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 26-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված «Իջևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքը, այդ թվում` 9611.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքեր-շինությունները (որոնցից` 7448.95 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ` գույք)` համաձայն մասնագիտական եզրակացության, 4-րդ, 5-րդ աստիճանի վթարային են և սահմանված կարգով ենթակա են կազմաքանդման) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, գ. Այգեհովիտ, 45-րդ փող., N 1)` համաձայն հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով` որպես գույքի մեկ միավոր:
2. Սահմանել`
1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2010 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` 6049 հազ. դրամ.
2) որ աճուրդում հաղթողին է մասնավորեցվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 2,07 հեկտար մակերեսով հողատարածքը` իր կադաստրային արժեքով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
3) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, գույքին հատկացված հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 724200 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել աճուրդի արձանագրության ստորագրման օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել մեկամսյա ժամկետում` համայնքային բյուջե:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: