31 Մարտի 2011, 335 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքների կողմից 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2012 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Առաջարկել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2012 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազ սպառող անապահով ընտանիքներից 300 խոր. մետր բնական գազի քանակության համար վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով՝ ամսական մինչև 10000 խոր. մետր բնական գազի սպառման դեպքում` 1000 խոր. մետրի համար՝ 100,0 հազ. դրամի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Ընդ որում, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված` 1000 խոր. մետր բնական գազի համար 132,0 հազ. դրամ սակագնի և անապահով ընտանիքներից գանձվող` նշված 100,0 հազ. դրամ գնի տարբերության գումարը` յուրաքանչյուր անապահով ընտանիքի հաշվարկով 300 խոր. մետր բնական գազի քանակության համար կփոխհատուցվի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշման 2-րդ կետի համաձայն:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխումների արդյունքում առաջացող շահույթի հաշվին ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված` անապահով ընտանիքների կողմից սպառված բնական գազի քանակության համար փոխհատուցվող գումարի վճարումը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` վերջինիս կողմից ներկայացված չափով.
2) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն կետի 1-ին ենթակետում նշված «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցման գումարի վճարման վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` եռօրյա ժամկետում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել անապահով ընտանիքների ցուցակները` ըստ բնակության վայրերի (համայնքների) և պարբերաբար` յուրաքանչյուր ամիս տեղեկացնել այդ ցուցակներում կատարվող փոփոխությունների մասին:
4. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և նրա գործողությունը տարածվում է 2011 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: